Սիրիայի նախագահի հրամանագրով Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել ազգությամբ հայ Նորա Արիսյանը։ Այս մասին հայտնում է «Գանձասար» հայկական շաբաթաթերթը։ Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր տարիներին հայերեն և արաբերեն դասախոսություններով հանդես է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, Միացյալ Արաբական Էմրություններում, ԱՄՆ-ում և այլուր։ Արիսյանը աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանությունում որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրիայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։