10.11.2025
Եկեղեցիների համաշխարհային խորհրդը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հարցին
09.09.2022
Եկեղեցիների համաշխարհային խորհրդը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հարցին

Գերմանիայի Քարլսրու քաղաքում այս օրերին գումարվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության անդամ, լիբանանյան համալսարանում քաղաքական գիտությունների և միջազգային օրենքի դասախոս Նորա Պայրագթարյանը ներկայացրել է Արցախի մասին հայտարարությունը: Հայտարարության մեջ համաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա նախահարձակ պատերազմն ու իր զորակցությունը հայտնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Համաժողովը դատապարտել է քիմիական զենքի գործածությունն ու միջազգային օրենքին հակասող այլ պատերազմական հանցագործությունները: Համաժողովը կոչով դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական Միությանն ու Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Այն իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախի գրավյալ շրջաններում գտնվող սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների փաստով՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային համայնքին՝ բոլոր միջոցներով պահպանել հայկական մշակութային կառույցներն ու վայրերը: Արցախյան հակամարտության արդար և խաղաղ լուծման համար համաժողովը կոչով դիմել է ԵԱՀԿ-ին` Մինսկի խմբի շրջանակներում երկխոսություն սկսելու շուրջ: