Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ներկայությունը: «Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա: