Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը «կապիտուլյացիոն փաստաթուղթ» էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այսօր գործող իշխանություններին մեղադրում են նրանում, ինչն իրականում նախկին իշխանությունների գործն է։ Նա ընդգծեց, որ այս դիտողությունը վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ճանաչմանը, այնպես էլ՝ ԼՂ-ն հանձնելու մեղադրանքներին։ «Այն թուղթը, որը Սերժ Սարգսյանը թողել է [բանակցությունների] սեղանին, կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Նա թողեց ու գնաց»,- ասաց Փաշինյանը։