Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների համար: «Պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, նախապես մաքուր թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրել Ձեր ննջեցյալի անունը և հանձնել այն եկեղեցու սպասավորներին: Ինչո՞ւ. որպեսզի պատարագիչ հոգևորականը Ձեր ննջեցյալի անունը հիշատակի Պատարագի ընթացքում և վերջում նաև հոգեհանգստի ժամանակ: Անպայման պետք է հիշել մեկ կարևոր բան. ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ ԱՂՈԹՔԸ: Սրտից բխած մի աղոթք, որում խնդրում ենք, որ Աստված մեր ննջեցյալին դատի ոչ թե Իր արդարությամբ, այլ՝ ողորմությամբ: Թող Աստված քաղցրությամբ հիշի մեր բոլոր ննջեցյալներին՝ արժանացնելով նրանց երկնային անթառամ պսակին: Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան