Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Գրեթե բոլոր մարզերից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ քաղաքացիները փակում են ճանապարհներ: Ճանապարհները փակ են թե՛ մարզերում, թե՛ Երևանում, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, թեև ոստիկանությունն այս պահին դեռ թիվ չի հնչեցնում: Այս պահին փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Մի քանի հատվածներում փակ է դեպի Մեղրի տանող մայրուղին՝ նախ, Տիգրանաշենի հատվածում, ապա Սուրենավանի: Քաղաքացիները փակել էին մայրուղին նաև Գեղարքունիքում՝ Մարտունու հատվածում: Ոսկեպարում ակցիայի ժամանակ վատացել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը, նա ուշագնաց եղավ: Ամենուր պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի սահմանազատման անվան տակ հայկական տարածքները թուրքին նվիրելու իր հակահայ քաղաքականությունից: Քաղաքացիներն այսպես իրենց զորակցությունն են հայտնում Տավուշին, որտեղից էլ մեկնարկել է այդ սահմանազատում կոչված գործընթացը: Թշնամի երկրի նախագահ Ալիևն այսօր հայտարարեց, որ Բաքուն է առաջարկել սահմանազատումը սկսել այդ չորս գյուղերից, ինչը նշանակում է, որ Հայաստանը շարունակում է միակողմանի ընդունել Բաքվի պայմանները: Իրավիճակը ամենուր լարված է: