Ուիթքոֆի նոր այցը Մոսկվա. Ռուս-ամերիկյան երկխոսությունը շարունակվում է՝ չնայած խնդիրներին
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա շաբաթվա ընթացքում կրկին կմեկնի Մոսկվա՝ շարունակելու բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, այցը կարող է կայանալ օգոստոսի 6-ին կամ 7-ին, ռուսական կողմի հրավերով։
Ուիթքոֆի հիմնական ուշադրությունը հիմա կենտրոնացած է Գազայի հատվածի վրա, սակայն, ըստ Թրամփի, Մոսկվան ցանկանում է նոր հանդիպում, և «տեսնենք, ինչ արդյունք կտա դա»։
Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան վերջին վեց ամսվա ընթացքում։ Նա արդեն հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարին, մարտին և երկու անգամ՝ ապրիլին։ Չնայած որոշ լարվածությանը, կողմերը շարունակում են պահել փոխշփման կայուն ուղիներ։
Վերջին օրերին Թրամփը բազմիցս հնչեցրել է դժգոհություն Ռուսաստանի և անձամբ Պուտինի հասցեին՝ հատկապես կապված Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում անբավարար շարժի հետ։ Նա նշել է, որ պատրաստ է նոր տնտեսական պատժամիջոցների, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ և գազ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։ Միաժամանակ Թրամփ խոստովանել է, որ Ռուսաստանը բավականին հմտորեն շրջանցում է սահմանափակումները։
Պատասխանելով Թրամփի հիասթափությանը, Պուտինը նշել է՝ նման զգացումները հաճախ առաջանում են չափազանցված սպասումներից։ Նրա խոսքով, խաղաղ կարգավորմանը հասնելու համար հարկավոր է լուռ, առարկայական բանակցային գործընթաց, ոչ թե հրապարակային ճնշում։ «Որպեսզի հնարավոր լինի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, պետք է հանգիստ, խորքային խոսակցություններ վարել՝ առանց բարձր աղմուկի», – ասել է Պուտինը։
Մոսկվան շարունակում է պնդել, որ արևմտյան պատժամիջոցները իրավական հիմք չունեն։ Կրեմլում ընդգծում են, որ ռուսական տնտեսությունը դիմակայել է ճնշմանը և հարմարվել է նոր իրողություններին։ Չնայած հրապարակային քննադատություններին՝ ռուս-ամերիկյան դիվանագիտական ուղին շարունակում է բաց մնալ՝ հնարավոր փոխըմբռնման եզրեր գտնելու համար։