Նախօրեին ուժգին պայթյուն է որոտացել Թբիլիսիի արվարձանի Դիդի Դիղոմի շրջանում գտնվող բնակելի մասնաշենքում: Պատահարի հետևանքով մահացել է չորս մարդ, այդ թվում՝ չորսամյա երեխա: Տուժել է յոթ հոգի, նրանցից վեցը երեխա է: Վրացական ԶԼՄ-ների տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում գազի պայթյունից հետո: «Վարչապետի որոշմամբ, գազի պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հունվարի 17-ը հայտարարված է սգո օր», - ասված է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: