Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի տեղանքում պայթյունավտանգ առարկաներից մաքրում են իրականացրել եւ ապահովել են մարտական գործողությունների ժամանակ ավերված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման նորոգման բրիգադների աշխատանքի անվտանգությունը: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ կահավորված պոլիգոն եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա: Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ օգնություն են ցուցաբերում վերանորոգման բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարի, կապի գծերի եւ տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման գործում: Անցած մեկ օրում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել է Էլեկտրահաղորդման գծերի երեք հենարան, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան 1,5 հազար մետր կապի գծեր, ինչպես նաեւ երկու տրանսֆորմատորային ենթակայան: