ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարեվերջին ակնկալում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Այժմ դիտարկում ենք արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունները՝ քննարկելու համար նախագահների քննարկումների օրակարգն ու սահմանելու տարածաշրջան մեր հաջորդ այցի ժամկետները», - ասել է ամերիկացի միջնորդը։ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանումը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում: Դիվանագետը վկայակոչել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որոնք հավաստիացրել են, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։ «Դեռ մենք հնարավորություն չունենք ստուգելու կամ վերահսկելու, թե որքանով են կատարվում այդ պարտավորությունները, բայց հստակ է, որ կայունությունը դրական ազդեցություն կունենա բանակցությունների հետագա գործընթացում», - ասել է Ուորլիքը։