19.03.2026
Սերժ Սարգսյանն արցախցիներին կոչ է արել ընտրել «անվտանգությունը լավագույնս ապահովողին»
27.03.2020
Սերժ Սարգսյանն արցախցիներին կոչ է արել ընտրել «անվտանգությունը լավագույնս ապահովողին»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, հանդես է եկել արցախցիներին ուղղված ուղերձով: Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Սիրելի՛ արցախցիներ, Իմ քույրե՛ր եւ եղբայրնե՛ր, Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով եւ վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների եւ ազգերի համար: Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձեւափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու եւ հասարակական հարաբերությունների մասին: Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան եւ այլն: Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարեւորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու եւ քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը: Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ եւ ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները եւ կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը: Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր եւ ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա եւս կյանքի եւ մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք եւ հաղթեցինք: Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել եւ մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը: Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաեւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին եւ կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ եւ տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն եւ ազգային պետություն: Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր, Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն: Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային եւ քրիստոնեական բարձր արժեքների վրա: Սիրելի՛ արցախցիներ, Երբեւէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին եւ թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ: Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են: Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, եւ դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ եւ պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը եւ ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը: Ձեւավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան եւ անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը: Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, եւ որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու: Աստված զորավիգ եւ պահապան լինի Արցախին եւ մեր ողջ ժողովրդին»: VERELQ-ը հիշեցնում է, որ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):  Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ համարելով այն շինծու: Իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն իրենց ղեկավարին ներկայացրած մեղադրանքը կապում են արցախյան գործընթացում «բացասական զարգացումների հետ»: