25.11.2024
Սերժ Սարգսյանը դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը դաշինք են կազմել "Լավրովի պլանն" իրագործելու համար

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել: Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է լավրովյան պլան անունով: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Էրեբունի փողոցում հրավիրված հանրահավաքի ժամանակ:

«Ես կասեի՝ նա տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել այսօր: Անդրադառնալով ՊՊԾ-ում տեղի ունեցածին, նա ասել է հետեւյալը՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել սրան, դրանք կվերլուծենք հետո: Եթե նման բան ասեր քաղաքագիտության կուրսի առաջին ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսես նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է, պատկերացնո՞ւմ եք՝ ասեն կարիք չկա ասել ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք բուժենք նրան, հետո հասկանանք, թե ինչով էր հիվանդ:

Նման բան ասելը նշանակում է հետեւյալը. թողնենք հիվանդը մեռնի, դիահերձումից հետո կվերլուծենք, թե ինչը դարձավ մահվան պատճառը: Համարում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Եվ, մի՞թե առաջին նախագահը կարող էր չգիտակցել այս նրբությունը, ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում: Հետեւաբար, ինչո՞ւ է նման բան ասում, մի՞թե այն պատճառով, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ այս իրավիճակի փաթեթային լուծումը պարտադիր կերպով կարող է ներառել մի կոմպոնենտ՝ Սերժ Սարգսյանի հեռացում իշխանությունից: Ասելով, որ հիմա պետք չէ վերլուծել, Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ասում է, որ պետք չէ անել էնպիսի մտահանգումներ, նկատել էնպիսի փաստեր, որ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից: Եվ ինչո՞ւ է սա ասում առաջին նախագահը, ես հիմա ցավալի արձանագրում եմ անելու, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում, այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է լավրովյան պլան անունով: Դա մի խատառակ լուծում է ՀՀ համար, եւ այդ լուծման համաձայնվելը ամոթալի է ո՛չ միայն առաջին դեմքերի, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե իր կարծիքով որն է նման ելույթի պատճառը. «Բացի աշխարհաքաղաքական, աշխարհահայացքային պատճառներից այստեղ կա եւս մեկ անձնական մոտիվ՝ Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ի վերջո կարողանա արձանագրել, որ 96,97 թվականներին ինքը ճիշտ էր ասում: Բայց սա ամոթալի մոտեցում է, որովհետեւ չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին այն իրավիճակում, երբ Ալիեւն ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է ՀՀ եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար փոխզիջման մթնոլորտ է հարկավոր, բայց Ալիեւի կողմից նման ագրեսիվ մթնոլորտի դեպքում խոսել փոխզիջման մասին, նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ կապիտուլացիայի մասին, բայց մենք դա թույլ չենք տալու», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը: