Կառավարությունն ընդունել է, որ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից. պատգամավոր
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունները կոչված են ապահովելու կառավարության արդեն ընդունված որոշման օրենսդրական հիմքերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Ես առաջին անգամ եմ բախվում մի իրավիճակի, երբ կառավարությունը ներկայացնում է մի օրինագիծ, որում ուղղակիորեն նշվում է, որ 2020 թվականի հունիսի 4-ին ընդունվել է կառավարության որոշումը, իսկ օրենքը, որը պետք է դրվեր այդ որոշման հիմքում, խորհրդարանին է ներկայացվել 2021 թվականի դեկտեմբերի 9-ին», - հայտարարել է Վարդևանյանը: Ասել է թե՝ ուղղակի խոսվում է 2020թ.հունիսից օրինականության սկզբունքի խախտման մասին, հավելել է Վարդևանյանը։
Նա նշել է, որ նման իրավիճակը խնդիրներ կստեղծի ինչպես կնքված պայմանագրերի, այնպես էլ պաշտոնական դիրքի չարաշահման տեսանկյունից: «Կառավարությունն այդ կերպ է ընդունել, որ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից։ Ավելի լավ ու ավելի հստակ ինքնախոստովանական ցուցմունք տալն էլ դժվար է», - հայտարարեց նա։
Նշենք, որ օրենքի փոփոխություններից մեկի համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը վարձակալության է հանձնվելու ոչ թե կառավարության որոշմամբ, այլ կառավարության որոշմամբ հաստատված կարգով։
Խոսելով ՊՈԱԿ-ի ղեկավարների պաշտոնի համար հավակնող անձանց շրջանակի ընդլայնում նախատեսող փոփոխության մասին՝ Վարդևանյանը նշեց, որ այդ ընդլայնումը ենթադրում է կառավարման ներգրավում առանց համապատասխան մասնագիտական հմտությունների:
«Ես կոչ եմ անում բոլորին ուշադիր ուսումնասիրել ՊՈԱԿ-ի ղեկավարների կենսագրությունները, որոնք կնշանակվեն փոփոխությունների ընդունումից հետո եւ երաշխավորում եմ, որ դրանք կապ կունենան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ», - եզրափակեց ընդդիմադիրը: