Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան
ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին:
Ի լուր մեր հայրենակիցների՝ ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների:
Վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:
Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:
Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները: