24.11.2024
Ալիևը դարձավ այն առանցքը, որի շուրջ ձևավորվեց ՀՀ դեմ միջազգային հզոր ռազմական կոալիցիան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գլխավոր դատախազը դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համա՞ր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ երկու կետով հարցում է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. 1. Արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: 2. Ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո: Այս հարցերի պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հրապարակմամբ»:


«Իրավունք» թերթը գրում է. 2018թվականի «թավշյա տեռորից» հետո Նիկոլ Փաշինյանի սրտի ոստիկանապետ դարձած Վալերի Օսիպյանը շարունակում է թակել «Հայաստան» դաշինքի դուռը: Երեկ նա կրկին հայտնվել էր Ազատության հրապարակում ոչ միայն բժշկական, այլեւ ընդդիմադիր դիմակ հագած:  Վաղեմի հպարտ նիկոլականը հարցնողներին մտահոգ դեմքի արտահայտությամբ ասում էր, թե եկել է սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։  Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։ Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նույն օրը իշխանության կողմից որոշում է կայացվել, որ անկախ նրանից, թե իշխանության կողմից ով կնշանակվի ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցով զբաղվելու է Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը։ Ստացվում է, որ Կապանում ընտրություններից առաջ իշխանությունը լծակներ է տալիս իր թեկնածուին, որպեսզի վերջինս կարողանա ձայն հավաքել ու հասնել իշխանության համար բաղձալի հաղթանակին։ Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում այսօր աշխատում են հարյուրավոր կապանցիներ, որոնք այդ աշխատանքով իրենց ընտանիքի ապրուստի միջոցներն են հոգում, եւ, փաստորեն, Կապանի ՏԻՄ ընտրություններում նրանց կատարած ընտրությունից է կախված լինելու՝ կշարունակեն արդյոք աշխատել պղնձամոլիբդենային կոմբինատում, թե ոչ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Դանիելյանն այս օրերին անգամ կապանցիներին աշխատանքի խոստումներ է տալիս, ասում է, որ նոր աշխատատեղեր կբացի, ու վերջիններս աշխատելու հնարավորություն կստանան։ Սակայն բացառված չէ նաեւ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Դավիթ Դանիելյանը փորձի վրեժխնդիր լինել կապանցիներից՝ նրանցից շատերին ազատելով պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ ։ Այստեղ ևս բավականին թեժ մրցակցություն է սպասվում, սակայն, ինչպես այլ մրցակցային համայնքներում, Վանաձորում էլ կան ընդգծված առաջատարներ: Նրանցից մեկը համարվում է «Հայրենիք» կուսակցության տեղական կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, որն, ըստ վանաձորցիների, իրական այլընտրանք է թե՛ գործող մարզպետին, որը ներկայացնում է իշխող ՔՊԿ-ն, թե՛ Վանաձորը մինչև վերջերս ղեկավարած Մամիկոն Ասլանյանին։ Վանաձորում շատերը վստահ են, որ Վահե Դոխոյանը կոնսոլիդացնող դերակատարություն ունի Վանաձորի հասարակության մեծամասնության համար, որը փոփոխությունների ձգտում և օրակարգ ունի։ «Փաստի» տեղեկություններով, Դոխոյանը պարկեշտ, ազնիվ, անկաշառ գործչի համբավ ունի, ինչի արդյունքում հարգանք, ճանաչում ու համակրանք է վայելում վանաձորցիների շրջանում: Ընդ որում, դա վաստակել է թե՛ մինչ «Հայրենիքին» անդամագրվելը, թե՛ դրանից հետո: Նրան ճանաչողները շեշտում են, որ նա բացառիկ կազմակերպչական ունակություններ ունի, հրաշալի տիրապետում է Վանաձորի տնտեսությանը, հիմնախնդիրներին. ի վերջո, Վահե Դոխոյանը մոտ տասը տարի քաղաքի ավագանու անդամ է, ակտիվորեն աշխատում է հասարակության տարբեր խմբերի հետ՝ դառնալով նրանց տրամադրությունների կրողը քաղաքային ավագանիում։ Ի դեպ, Վանաձորում «Հայրենիքի» թեկնածուի շանսերը բավական բարձր են գնահատում և կարծում են, որ նրա հաղթանակը չի սահմանափակվի միայն տեղական էֆեկտով և կարող է ունենալ ներքաղաքական կարևոր նշանակություն, որովհետև նոր որակի ընդդիմության ձևավորման ու ընդդիմադիր ռացիոնալ օրակարգի ձևակերպման ուղերձ կարող է դառնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնից ահազանգեր ենք ստանում, որ նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների համար «վիզ դրած» աշխատում է։ Հատկապես ջանք ու եռանդ չի խնայում Սափեյանների գերդաստանի ներկայացուցիչ, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի համար։ Սափեյանները կռված են, ինչպես Պետրոսյանը, եւ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի համար համատեղ պայքար են մղել: Մեզ ասացին, որ նորանշանակ մարզպետը հավաքել է դպրոցների տնօրեններին եւ սպառնացել՝ ազատվել բոլոր ուսուցիչներից, որոնք տեղ են գտել տարբեր կուսակցությունների ավագանիների ցուցակներում։ Այսինքն, գրեթե նույն հանցակազմն է, որի համար Արմեն Չարչյանն արդեն քանի ամիս է՝ բանտում է: Հատկապես մեծ ճնշում է գործադրվել Թալինի թիվ 1 դպրոցի տնօրինության վրա, քանի որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանը՝ համայնքում հարգված եւ սիրված երիտասարդ, գլխավորում է «Հայք» լիբերալ կուսակցության ցուցակը։ Հիշեցնենք, որ Թալինում այս երկու ուժերից բացի մասնակցում է նաեւ Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ը, որի քաղաքապետացուն Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանն է: Մասնակցում է նաեւ «Մեր հզոր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակի մոտ 90 տոկոսը դաշնակցականներ են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին: Մեր տեղեկություններով, Վարդանյանը, իրոք, վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որը զբաղեցնում էր 2019-ից: Վարդանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, եղել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, ավելի վաղ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: Նրա մասին գործընկերներն ասում են՝ թույլ տղա է: Հավանաբար, կառավարությունում գտել են, որ Վարոս Սիմոնյանը, որն արտակարգ դրության ժամանակ իր վրա էր վերցրել ասուլիսների ծանր բեռը, բավականաչափ երեւացել է եւ այժմ կարող է նվազ աչքի ընկնող պաշտոն զբաղեցնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակը գլխավորող, համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանին երեկ առավոտյան տարել էին 6-րդ վարչություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։ Մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի։ Չի ստացվել: Հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին: Երեկոյան մենք կապ հաստատեցինք համայնքի պաշտոնակատար, նաեւ թեկնածու Մինասյանի հետ, ով տեղեկացրեց, որ ընդամենը կես ժամ են իրեն պահել վարչությունում, իսկ թե ինչ գործով, եւ ինչ է իրավապահներին հետաքրքրել, ասաց, որ կխոսի ավելի ուշ։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է մրցապայքարից դուրս գա, ասաց. «Իհարկե՝ ոչ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել: 44 օր «հաղթելու ենք» կարգախոսով ապրող հանրությունը ցավոտ իրականության մասին տեղեկացավ անակնկալ կերպով: Մոտ 30 տարի հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցած 7 շրջաններից զատ, Ադրբեջանին անցան նաեւ ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութն ու Շուշին, Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ու Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ։ Ցավալի իրադարձությունից մեկ տարի անց առաջին բանը, որ գալիս է յուրաքանչյուր հայի մտքին, հետեւյալն է. իսկ ի՞նչ ունենք այսօր, ու ի՞նչ դասեր ենք քաղել կամ քաղե՞լ ենք առհասարակ: Տխրահռչակ հայտարարությունից հետո, որի կետերից մեկն էլ ռազմագերիների վերադարձին էր վերաբերում, մինչ օրս Բաքվում շարունակում են գերիներ մնալ: Արցախի տարբեր շրջանների տնավեր դարձած քաղաքացիներն ահազանգում են բնակարային խնդիրների ու առանց սեփական տանիքի դեգերումների մասին: Մեկ տարի անց դեռ անհետ կորածներ ու, ցավոք, անհողաթումբ աճյուններ կան, իսկ ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորականները ու կամավորները, որ ոտք ու ձեռք են կորցրել, հաշմանդամության կարգ ձեռք բերելու համար ստիպված են սոցապծառայությունների առջեւ հերթ կանգնել: Պատերազից հետո՝ մեկ տարի անց, հարցերի հարցը շարունակում է հետեւյալը մնալ. օդն, ի վերջո, փա՞կ է, թե՞ ոչ: Արդեն, սակայն, ոչ թե Արցախի օդը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության: Աղետի պես մեր գլխին թափվող անօդաչու թռչող սարքերը, որ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ թիկունքում մահաբեր անձրեւի պես այրում ու մոխրացնում էին մեր քույրերին ու եղբայրներին, դեռ սպառնո՞ւմ են մեզ, թե՞ հակաօդային պաշտպանության համակարգը ցանկացած պահի կարող է նրանց տեղում չեզոքացնել: Այս ամենի պատասխանը, ցավոք, մինչ օրս «բայրաքթարների» տզզոցի նման օդից կախված է մնում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր Փարաքար համայնքի բնակիչների բողոքին: Նրանք մեզ հետ զրույցում տեղեկացրել էին, որ համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: Արշակ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկինում այդտեղ եղել է քարհանքի տարածքը, սակայն հանքը դադարել է գործել: «Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ: Ոչինչ ինքնագլուխ չեմ արել»,-նշել էր Մկրտչյանը: Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք նաև Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ այս թնջուկի հետ կապված սեփական տեսակետը ներկայացրեց. «Ժամանակին ինձ մոտ եկել են գերեզմանոցի համար: Ճշտել եմ, որ այդ տարածքը մեր վարչական շրջանի տարածքում չէ, այլ Փարաքար համայնքի վարչական տարածքում: Գնացել եմ, ցույց տվել համայնքների սահմանները, իրենք այդտեղից գերեզմանոց են վերցրել, գիտեմ նաև, որ վերջերս ինչ-որ մեկի հուղարկավորությունն են կատարել:


Բայց վերջերս հանքի տարածքի վարձակալը զանգահարեց ինձ, ասաց՝ գերեզմանները, կարծես թե, մեր տարածք են մտնում: Գնացի, տեսա, որ ճանապարհի վրա գերեզմանոց է հայտնվել՝ գերեզմանաթումբ, ցանկապատ և այլն, հարցրեցի, թե սա ո՞վ է արել, սա արդեն Մերձավանի վարչական տարածքն է, ո՞վ է թույլ տվել քանդել: Ասացին, որ դա գերեզմանոց չէ, ուղղակի թումբ են արել, այդպես մնացել է: Հարցրեցի՝ ով է արել, ասացին Արշակը, բայց դա ես իրեն ցույց չեմ տվել: Ո՞նց կարող եմ իրեն Մերձավանի վարչական տարածքից հող տրամադրել, թեկուզ հուղարկավորության համար: Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել իրեն որպես գերեզմանոցի տարածք: Տվյալ տարածքի մասին, որ խոսվում է, քարտեզը հիմա ինձ մոտ է, գտնվում է Փարաքարի վարչական տարածքում, իսկ այդ մեկ գերեզմանատեղին, որտեղ որևէ մեկը թաղված չէ, Մերձավանի վարչական տարածքում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը: Նա նաև առաջարկեց զրուցել գերեզմանատան պահակի հետ. «Ավելի ճիշտ կլինի պահակին հարցնեք, ինքը ձեզ ամեն ինչ կպատմի»: