VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ․ նրա մտերիմները հարցազրույցներ են տալիս Բաբայանի դեմ, փորձում են պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել նրա ուսերին, մասնավորապես, որ Բաբայանն է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով` կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը։ Վերջերս էլ Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանն է խոսել Սղնախի հայտնի օպերացիայի մասին, որով փորձ է արվել կանխել դեպի Շուշի ադրբեջանցիների ներթափանցումը, եւ մեղադրանքների սլաքը կրկին ուղղել է Բաբայանի կողմը։ Խնդիրն այն է, որ Արցախում կատաղի պայքար է, թե ով կխուսափի մատաղացու գառ դառնալուց։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. դա կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, թե այլ ֆորմատով` պարզ չէ, բայց ոմանք «ժերտվա» կգնան։ Իշխանությունը կարծում է, որ պատերազմի պարտությունը, այսպես թե այնպես, չի մարսվելու, դա կուտակվելու է եւ ինչ-որ պահի ժողովրդին ոտքի է հանելու, ուստի հարկավոր է դժգոհությունը որոշակի հունով ուղղել եւ մեծ «շնաձկներ» մատուցել հանրությանը։ Միայն Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ի վրա կուժնուկուլան կոտրելը չի ստացվի, հատկապես որ Գասպարյանը քաղաքական հալածյալ է դիտարկվում եւ պաշտոնանկությունից հետո հայտնվել է Քոչարյանի թիմում։ Ըստ այդմ, մեղավորներին պետք է փնտրել Արցախում՝ Արայիկ Հարությունյան-Ջալալ Հարությունյան-Սամվել Բաբայան եռանկյունում` ներկայացնելով, որ նրանք են եղել պատերազմի գլխավոր դերակատարները։ Արայիկ Հարությունյանն էլ որոշել է Սամվել Բաբայանին «մատաղացու» դարձնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կալանավորելիս աղմուկ է բարձրանում, ապա նրանց մոռանում են եւ չէին հիշի, եթե փաստաբանները չանդրադառնային այդ գործերի ընթացքին: Երեկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որ զենքի փորձաքննություն չի արվում, այն հանձնարարվել է ոչ կոմպետենտ անձի, եւ Տոնոյանին թույլ չեն տալիս մասնակցել փորձաքննությանը, ինչը վկայում է այն մասին, որ նպատակն է «մինչդատական վարույթի ողջ ընթացքում նրան պահել կալանքի»: Կալանավորված Աղվան Հովսեփյանն էլ առողջական խնդիրներ ունի, չի ընդունում մեղադրանքը, եւ, ըստ փաստաբանի, քննությունը դոփում է տեղում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ով սկսում է քննարկումների շարք: Առաջինը, մեր տեղեկություններով, նախատեսված է նոյեմբերի 16-ին։ Քննարկմանը ներկա կլինեն քաղաքագետներ, իրավապաշտպաններ, թեման է՝ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց»: Հաջորդ քննարկմանը, որը վերաբերելու է ռազմագերիների խնդրին, ներկա կլինեն խնդրով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, ռազմագերիների ծնողներ եւ այլք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրում» դեռեւս չեն քննարկել խմբակցության քարտուղարի հարցը։ Հիշեցնենք, որ օրերս Նազելի Բաղդասարյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնի հավակնորդների պակաս չկա։ Մենք գրել էինք, որ չնայած ԱԺ ղեկավարությունը ցանկանում է կնոջը կնոջով փոխարինել, բայց Վաղարշակ Հակոբյանն էլ է պայքարում այդ պաշտոնի համար։ Երեկվա դրությամբ, այդուհանդերձ, ամենահավանական թեկնածուն Ծովինար Վարդանյանն էր համարվում․ խմբակցությունում նրա թեկնածության շուրջ կա կոմպրոմիս, եւ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի նիստ կհրավիրեն ու քառօրյայից առաջ կընտրեն քարտուղարին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը նշված համաձայնագիրը, ինչը ենթադրելու է Արցախի հարցի կարգավորման նոր փուլ։ Այնուհետ, ներքին հուզումները քաղաքական հուն տեղափոխելու նպատակով առաջ կբերվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսում է անցում նախագահական կառավարման: Այսինքն, առաջիկայում սպասվում է նաև ՀՀ նախագահի ընտրություն, ինչի մասին մենք տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ՀՀ-ն նորից անցնի նախագահական կառավարման համակարգի: Կարծիք կա, որ հենց Սարգսյանն էլ արել է առաջին «սլիվը» ՀՀ պետական կառավարման համակարգում փոփոխության որոշման վերաբերյալ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, այդ թվում՝ դեսպանների ու միջազգային կազմակերպություններում մեր երկրի ներկայացուցիչների կազմում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանությունները «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին առաջարկել են ստանձնել Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Թե ինչ պատասխան է տվել Ուրիխանյանը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն փաստ է, որ Բելառուսում ՀՀ դեսպանի փոփոխություն տեղի չի ունեցել և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա արդեն չի սպասվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ռուսական իշխանական որոշ շրջանակներ խիստ բացասաբար են տրամադրված Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նկատմամբ եւ կարծում են, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Մինչդեռ իրավական ճանապարհով դա գրեթե անհնարին է, քանի որ ռեկտոր ընտրող հոգաբարձուների խորհուրդը Դարբինյանի կողմն է: Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում ՌԴ այցելած ՀՀ պաշտոնական պատվիրակություններից մեկի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղիղ տեքստով ասել է` ինչո՞ւ չեք Արմեն Դարբինյանին հեռացնում այդ պաշտոնից` Ռուսաստանից փող է ստանում, բայց բուհը վերածել է սորոսականների որջի, շրջանավարտներին էլ Եվրոպա է ուղարկում: Նա ամոթանք է տվել ՀՀ իշխանություններին, որ Դարբինյանը դեռ շարունակում է աշխատել: Սակայն, մեր տեղեկություններով, նախորդ փորձից հետո, երբ ՀՀ իշխանություններն ԱԱԾ-ով, ԿԳՄՍՆ-ով փորձեցին հեռացնել Դարբինյանին եւ ձախողվեցին` ուսանողական ու դասախոսական կազմը ոտքի ելավ, Նիկոլ Փաշինյանն այլեւ չի ուզում իր վրա վերցնել այդ անշնորհակալ գործը, եւ երբ կրկին ռուսները բարձրացրել են այդ հարցը, ասել է` ռուսները դեմ են, իրենք էլ թող հեռացնեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, դեկտեմբերի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների առումով ամենամրցակցայինը Վանաձորն է. այստեղ առաջադրվել է տասը քաղաքական ուժ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իրենց ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես իրատեսական կետեր: «Իմ հարազատ Վանաձոր համայնքի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, քարոզարշավի ընթացքում մանրամասն կներկայացնեմ դրանք համայնքի բնակիչներին: Միայն ցանկանում եմ, որ համայնքի բնակիչները իմանան՝ մեր քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես այնպիսի կետեր, որոնք մենք ի զորու ենք իրականացնել, որոնք իրատեսական են: Ոչ մի ականջահաճո դրույթ այնտեղ չկա, միայն այն, ինչ մեր ուժերի սահմաններում է»,- ասում է Բոջուկյանը: Հարցնում ենք՝ ինչո՞ւ պետք է վանաձորցին վստահության քվե տա հենց ձեզ: «Գիտեք, ես միայն այն կասեմ, որ վանաձորցիները շատ լավ են ճանաչում նրանց, ովքեր առաջադրվել են համայնքում, այդ թվում՝ նաև ինձ, այն թիմը, որը ներկայացնում եմ: Գիտեն մեր կուսակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտացավ վերաբերմունքը մարզերի նկատմամբ: Իսկ սրտացավությունը հենց այն որակն է, որն անհրաժեշտ է համայնքը բարեկարգելու ու բարեկեցիկ կենսակերպ ապահովելու համար», - նշեց ԲՀԿ թեկնածուն՝ կոչ անելով վանաձորցիներին՝ ընտրություն կատարել իրենց խղճին հավատարիմ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի ընթացքում, երբ արդեն իշխանության էր ընդդիմադիր ժամանակ երդվյալ արեւմտամետի դիրքերից հանդես եկող, ռուսաստանամերժ Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի (ՍԵՊԱ) ճանապարհային քարտեզով նախատեսված 9 միջոցառումներից իրականացվել են ընդամենը 3-ը: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը: «Եթե փոխնախարար եղած ժամանակ ես որեւէ ծրագրով 20-30 տոկոսով թերանայի, ապա մեծ աղմուկ կբարձրանար դրանից, բայց ԵՄ-ի միջոցառումների դեպքով, փաստորեն, նույնսիկ 70 տոկոս թերակատարում ունենք, ու դա հալած յուղի տեղ անցնում է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այս մասին. ինքս էլ կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը»,- ասաց Մելքոնյանը՝ արձանագրելով՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ թե նկատելիորեն, այլ շեշտակի ու էականորեն են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում: «ՍԵՊԱ»-ի ճանապարհային քարտեզով 2020 թվականի ընթացքում նախատեսված է եղել 35 միջոցառում իրականացնել, բայց նախկին դեսպանը վստահ չէ, թե դրանք կամ թեկուզ դրանց քիչ տոկոսը կարող է կյանքի կոչված լինել: Մելքոնյանը նաեւ համեմատություն է անցկացնում. «2016-2018 թթ. կհիշե՞ք որեւէ շաբաթ կամ առնվազն տասը օր, որ Եվրամիության դեսպանը չհայտնվեր մամուլում։ Հիմա կարո՞ղ եք հիշել, թե Եվրամիության դեսպանը վերջին անգամ լրատվամիջոցների հետ երբ է շփվել»։ Փաստորեն, երբեմնի թունդ արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցով խորհրդարանում լսումներ էր կազմակերպում ու մշտապես «ռուսի լծից ազատվելու» մասին խոսում, իր պաշտոնավարման ժամանակ Արեւմուտքին ավելի պակաս ուշադրություն է դարձնում, անտեսում նրանց հետ շփումներն ու նախանշած միջոցառումները, քան իր իսկ բնորոշմամբ «ռուսահպատակ» նախկինները»:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի քան մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե մինչեւ մեր հարցումն ուղարկելու օրը Հայաստանում քանի դեղաչափ պատվաստանյութ է խոտանվել։ Սեպտեմբերի 28-ին նախարարությունը պատասխանել էր մեր հարցմանն ու նշել, որ մինչեւ այդ պահը որեւէ քանակի դեղաչափ չի խոտանվել։ Հարցն ավելի վաղ խորհրդարանում նախարար Անահիտ Ավանեսյանին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ ուղղել։ Նախարարը չէր պատասխանել դրան՝ առաջարկելով հարցադրումները գրավոր ուղղել։ Մեր հարցումից մոտ մեկուկես ամիս անց մեկ այլ լրատվամիջոցի նույնաբովանդակ հարցմանը նախարարությունը պատասխանել է․ «2021 թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով խոտանվել է»։ Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ ստացվում է՝ միայն մեկուկես ամսում 27 680 դեղաչափ պատվաստանյութ է խոտնավել, ինչը, համաձայնեք, այդքան էլ արժանահավատ չէ: Ինչպե՞ս կարող էր պատվաստանյութ ձեռք բերելու պահից սկսած՝ մինչեւ սեպտեմբերի 28-ը որեւէ դեղաչափի պատվաստանյութ չխոտանվել, ու միայն մեկուկես ամսում 28 հազարի հասնող դեղաչափ խոտանվել։ Նախարարության՝ մեզ ուղարկած պատասխանը հեռու է տրամաբանությունից նաեւ այն պատճառով, որ մի շարք դեպքերում դեղաչափի մեկ սրվակից ընդամենը մեկ հոգու են պատվաստում, ու դրա մեջ մնացած ծավալի պատվաստանյութը պարզապես անպիտան է դառնում, քանի որ սրվակը բացելուց անմիջապես հետո պատվաստանյուը կա՛մ ամբողջապես պետք է սպառել, կա՛մ ուղղակի խոտանել չօգտագործված մասը, որովհետեւ այն ո՛չ սենյակային, ո՛չ սառնարանային պայմաններում պահել չի թույլատրվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների շրջանում ներքին քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ մտահոգություն հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը որպես ապօրինի գույք բռնագանձել, եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծում են, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի: Թե ինչով կավարտվեն ներքին քննարկումները, դեռ հայտնի չէ: Սա այն դեպքում, որ դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Հարությունյանի մասին է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 9 ամիսների արդյունքներով, նվազել է 1.5 տոկոսով` կազմելով 619 մլրդ 373.2 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 9 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 647 մլրդ 394 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` նվազել է 1.3 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 358 մլրդ 528.7 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.4 տոկոսով: