25.11.2024
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի հստակ ամսաթիվը դեռ որոշված ​​չէ. Պեսկով
prev Նախորդ նորություն

ԵԽ ՄԻ հարցերով կոմիսարը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությունը անհրաժեշտ է` 2020թ․-ի թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների բռնկումից հետո. գրում է news.am-ը:


Եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց հրապարակված մեմորանդումում Միյատովիչը անդրադարձ է կատարվում հակամարտության մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքներին և ձևակերպում է 8 առաջարկություն` մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար:


Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքներ մուտքը շատ սահմանափակ է մնում հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելությունների համար: Նրա կարծիքով, հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի առաջնահերթության կարգով։ Հանձնակատարը կոչ է անում բոլոր պատկան մարմիններին մշակել մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան մարդասիրական և մարդու իրավունքների դերակատարներին օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր հրատապ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն:


«2020 թվականի ռազմական գործողությունների բռնկումը ստիպեց տեղահանվել տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր բնակվում էին հակամարտության գոտում կամ մոտակայքում, ի լրումն նրանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականներին հակամարտությունից: Ցանկացած ոք, որ տեղահանվել է հակամարտության պատճառով և ներկայումս ապրում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակի կամ անուղղակի ձևով ստիպել՝ վերադառնալ իրենց նախկին տունը», - ասում է հանձնակատարը։


Նա ընդգծում է, որ վերադարձը պետք է լինի կամավոր և այն պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադարձի համար մարդկանց պետք է տրամադրվի ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի նրանց ընտրությունը լինի տեղեկացված:


Նշվում է, որ հանձնակատարը նաև տեղյակ է տարածաշրջանի՝ ականներով և պայթուցիկներով աղտոտվածության բարձր մակարդակի մասին և ցավում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ լրջորեն վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Նա կողմերին կոչ է անում համագործակցել և ներգրավվել տվյալների անհրաժեշտ փոխանակման մեջ՝ ականազերծման գործընթացը հեշտացնելու համար:


Նա նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ վավերացնել Որոշակի զենքերի կիրառման արգելքների կամ սահմանափակումների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որոնք կարող են համարվել չափազանց վնասակար, և դրա համապատասխան արձանագրությունները:


Հանձնակատարը նաև նշում է, որ գերիների, մասնավորապես Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը մնում է վիճելի, ինչը սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, շատ կարևոր է ապահովել, որ բոլոր դեռևս գերության մեջ գտնվողներին տրամադրվի բոլոր պաշտպանությունները, որոնք երաշխավորված են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ, և հեշտացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը:


«Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին կամ որոնց հարազատներն անհայտ կորած են: Հետևաբար, կարևոր է անհայտ կորածների ընտանիքներին, նրանց իրավական և գործնական կարիքները և ճշմարտությունն իմանալու իրավունքը դնել այս հարցի հետ կապված բոլոր գործողությունների կենտրոնում», - ասում է հանձնակատարը:


Ասվում է, թե այս առումով երկու կողմերի հետ ավելի շատ ներգրավվածության կարիք կա՝ խթանելու հաղորդակցությունը, ստեղծելու միասնական տվյալների բազա և մեծացնելու մահացածների աճյունների գտնվելու վայրի և նույնականացման հնարավորությունները:


Բացի այդ, հանձնակատարը ստացել է արժանահավատ զեկույցներ հասարակական կազմակերպություններից, վիրավորներից ու նրանց ընտանիքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ինչպես նաև հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Հանձնակատարն ընդգծում է, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավական պարտավորություն ունեն՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատուներին:


«Ավելին, հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակեցված տարածքների անկանոն գնդակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց զոհերի և լուրջ վնասվածքների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են անխտիր և/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել համարժեք և արդյունավետ փոխհատուցում զոհերին։


Վերջապես, հանձնակատարը նկատում է, որ երկու երկրներում էլ հանրային բանավեճն ավելի ու ավելի է նշանավորվում թունավոր, թշնամական, անհանդուրժող և անհարգալից հաղորդակցությամբ: «Ագրեսիայի» մշտական հռետորաբանությունը կամ մյուս կողմին նշելու համար «թշնամիներ» բառերի օգտագործումը միայն նպաստում է բաժանարար գծերի՝ տարբեր կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության հավերժացմանը», - ասում է Միյատովիչը:


Նա խորհուրդ է տալիս անդամ երկրներին էլ վճռական քայլեր ձեռնարկել՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցել նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտեցմանը: