Նոր կառուցվելիք ՔԿՀ-ն իր բարեվարք ծառայողներով պետք է դառնա խորհրդանիշ. նախարար
Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Քրեակատարողական ծառայության 102-ամյակին եւ Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ եւ առաջարկել հոկտեմբերի 19-ը հայտարարել նաեւ ստուգատեսի օր, ամփոփելու մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջարկելու խնդիրների արագ լուծման տարբերակները։
Կարեն Անդրեասյանը, ի թիվս համակարգում առկա այլ հարցերի՝ կարևորել է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումն ու խոստացել մեկ տարի անց զեկուցել կատարված բարեփոխումների արդյունքները։ «Ինչպես պարեկային ծառայությունը դարձավ նոր սիմվոլը ամբողջ ոստիկանության, այնպես էլ նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով պետք է դառնա խորհրդանիշը նոր Քրեակատարողական ծառայության», - ասել է արդարադատության նախարարը և, կրկին շնորհավորելով ՔԿ ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նրանց նվիրումի ու կատարած բարեխիղճ աշխատանքի համար։
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը եւս շնորհավորել է համակարգի աշխատակիցներին Քրեակատարողական ծառայողի օրվա առիթով եւ ընդգծել, որ ոլորտում առկա խնդիրները կլուծվեն բոլորի ջանքերի ու հետեւողական աշխատանքի շնորհիվ։
Միջոցառման ավարտին Ծառայության 25 աշխատակից պարգևատրվել է կրծքանշանով, իսկ 20 ծառայող Ծառայությյան պետի կողմից արժանացել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի։