Դատարանը թույլ չտվեց Գևորգյանի գործուղմանը փոխանցված և չծախսված գումարը վերադարձնել ԱԺ-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են , որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց արգելանքից հանել իր պաշտպանյալի բանկային հաշիվը, որին Գևորգյանի՝ Ստրասբուրգ գործուղման համար ԱԺ բյուջեից 400 հազար դրամից ավել գումար էր փոխանցվել։ Բացի այդ, ավիատոմսի գնման համար ԱԺ-ն ծախսել էր ավելի քանի 500 հազար դրամ, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել։
Դատավորն արձանագրեց, որ սույն քրեական գործով դատարանը մեկ անգամ արդեն քննության է առել Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը և որոշել է միջնորդության լուծումը հետաձգել մինչ կալանադրված գույքի արժեքը որոշելը։ Դանիբեկյանի խոսքով, պաշտպան Սահակյանին տրամադրվել է նշված միջնորդության և նիստի արձանագրության պատճեները։ Դատավորի կարծիքով, նշված միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին, քանի որ դատարանն արդեն որոշել է, թե այն երբ պետք է լուծում ստանա։ Արդյունքում դատարանը որոշեց Սահակյանի միջնորդությունը թողնել առանց քննության, ինչը պաշտպանի համար անհասկանալի էր։
«Ի՞նչ կապ ունի նախորդ միջնորդությունը այս միջնորդության հետ, որը ներկայացվել է բոլորովին այլ հանգամանքերում և վերաբերում է ԱԺ ծախսերին, գումարը փոխանցվել է Արմեն Գևորգյանի հաշվեհամարին և հիմա թույլտվություն է պետք այն հետ փոխանցելու համար», - հարցրեց Սահակյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։