24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակման 601 նոր դեպք և 26 մահ
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանը տիրապետում է «տեղեկատվության մեծ ծավալի» և պայքարելու է. փաստաբաններ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի նախկին նախարարը տիրապետում է «տեղեկատվության մեծ ծավալի» և պայքարելու է «հանուն բարի համբավի վերականգման»:


Հայտարարության մեջ ասվում է, որ Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:


«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:


Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:


Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար», - ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ:


Սեպտեմբերի 30-ին դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կկալանավեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:


ԱԱԾ-ի հաղորդմամբ, Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։