Ձորա ՀԷԿ-ի գործով ՀՔԾ քննիչը պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք է առաջադրել և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել` չհեռանալու մասին ստորագրություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Ինեսսա Պետրոսյանի հետ ավելի քան քսան տարի փաստաբանական գործունեությամբ ենք զբաղվում և այդ ընթացքում քաղաքական նկատառումներով քրեական հետապնդման ենթարկվող բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչների ենք պաշտպանել:
Հատկապես այդ գործերով են ցայտուն երևում տվյալ պահի քաղաքական իշխանության պատվերով վարույթն իրականացնող մարմինների կողմից իրականացվող ապօրինությունները, որոնք շատ դեպքերում ցուցադրական բնույթ են կրում, որպեսզի բոլորը տեսնեն, որ այդ բնագավառում էլ իշխանությունների դեմ խաղ չկա և ինչ ուզեն, կանեն: Եվ՛ նախկինում, և՛ այժմ, այդ ապօրինությունների դարբնոցը Հատուկ քննչական ծառայությունն է, որի քննիչների սենյակների պատերին կամ սրտերում փակցված է երկրի տվյալ պահի ղեկավարի լուսանկարը, որն էլ հուշում է, թե ինչ պետք է անի քննիչը, կոնկրետ դեպքում:
Ձորա ՀԷԿ-ի գործով ՀՔԾ քննիչը պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք է առաջադրել և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել` չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է, այսինքն պարոն Օհանյանին չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել, ինչի կապակցությամբ քննիչն առաջարկել է համաձայնության դեպքում գործի վարույթը կարճել: Պարոն Օհանյանը հրաժարվել է, քանի որ անմեղ է և պետք է արդարացվի:
Օրերս քննիչին միջնորդություն է ներկայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին, հիմքում դնելով այն, որ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն է անեցել, ինչպես նաև պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել և ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է, ինչից ելնելով չի կարող որևէ ողջամիտ ենթադրություն լինել, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, օրինակ մեկնել արտերկիր ու չվերադառնա կամ այլ արգելված գործողություն կատարի:
Քննիչը իր որոշմամբ ընդունելով, որ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն աննցել է և որևէ դեպքում պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն իր սրտում փակցված նկարի և, բնականաբար, իր ղեկավար ՀՔԾ պետի հուշելով միջնորդությունը մերժել է, նշելով, որ քանի որ Սեյրան Օհանյանը չի համաձայնվել գործի վարույթը կարճելու առաջարկին, ուրեմն թող խափանման միջոցը շարունակվի կիրառվել, իսկ երբ որպես պատգամավոր անհրաժեշտ լինի արտերկիր մեկնել, թող հայտնի և յուրաքանչյուր դեպքում կքննարկվի ու (ինչպես կհուշի իր սրտի նկարն ու իր ղեկավարը) որոշում կկայացնի:
Մի խոսքով, իշխանությունները փոխվում են, սակայն նրանց ցուցադրական ապօրինությունն ու «մեր դեմ խաղ չկա և ինչ ուզենք, կանենք» արժեհամակարգը, նոր դրսևորումներով ու փաթեթավորմամբ շարունակում է գոյություն ունենալ ու զարգանալ:
Ասածս ինչ է. եթե 2018թ. գարնանը տեղի ունեցածը հեղափոխություն էր, ապա Նիկոլ Փաշինյանը (միգուցե նրա` հուշող նկարը) հետևողականորեն շարունակում է դավաճանել այդ ժամանակ հայտարարված սկզբունքներին ու արժեքներին:
Քննիչի որոշման դեմ բողոք է բերվել դատախազին: Տեսնենք դատախազի սրտում փակցված նկարն այս դեպքում ինչ կհուշի»: