Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալաստյանի (Պատրոն Դավիթ) ձերբակալության մասին լուրը:
ԱԱԾ-ի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրանց ձրբակալել են սեպտեմբերի 29-ին բանակի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալաստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ:
«Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար, համաձայն ԱԱԾ-ի հաղորդագրության, քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել «մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ»:
«Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: