Հայկոյի երգն ու երաժշտությունը միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում. նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) մահվան կապակցությամբ.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան մասին:
Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են: Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում:
Ափսոսանքի խոր զգացումով ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Հայկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին»։
VERELQ-ը հիշեցնում է, որ նոր կորոնավիրուսը խլեց հայկական շոու -բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկի կյանքը. մի քանի օր համառ պայքարից հետո Միքայելյան հիվանդանոցում այսօր մահացել է սիրված երգիչ, երգահան Հայկոն։
Վերջինս հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում օրեր առաջ:
Երգիչը 44 տարեկան էր...