«Միասին». Անկախության հանրաքվեի 30 -ամյակին նվիրված հայրենասիրական երեկո
Սեպտեմբերի 26 -ին Երեւանի կենտրոնում գտնվող Փոքր թատրոնում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեի 30 -ամյակին նվիրված «Միասին» հայրենասիրական երեկոն։ Միջոցառումը կազմակերպեց եւ վարեց Տիր հայագիտական կենտրոնի հիմնադիր, հասարակական գործիչ եւ ռեպ կատարող Դավիթ Աղաջանյանը (NAY 374)։
Երգերով հանդես եկան սիրված երգիչներ Գրիգոր Համբարյանը, Հրանտ Մուրադյանը եւ Դավիթ Յակոբջանյանը։ Բանաստեղծ եւ հանրային գործիչ Գոռ Յարությունյանը կարդաց իր վերջին գործերից։
Հատուկ հյուրերից ելույթներով հանդես եկան անկախության պայքարի առաջնորդ, 1968 -ից ԱՄԿ (Ազգային միացեալ կուսակցութեան) հրամանատար Պարույր Հայրիկյանը, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստր Գոհար Գորգիսյանը, 1988 Մայիս 28 -ին Ազատութեան հրապարակում Գորգիսյանի հետ եռագույնի ծածանումն իրականացրած Մեխակ Գաբրիելյանը, «Կարին» ավանդական երգի պարի դպրոցի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀԱՀԳԲ 1981 թ․ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ազատամարտիկ եւ հասարակական գործիչ Սեյրան Չիլինգարյանը, բանաստեղծ մտավորական Դավիթ Վանյանը։
Միջոցառումը հովանավորելու համար Դավիթ Աղաջանյանին միացան Մոսկվայի Հայ համայնքի իր ընկերները՝ ՀՄԸՄ մոսկովյան մասնաճյուղի ատենապետ Անդրանիկ Առուստամյանը, Բալաշիխայի Հայկական դպրոցի հիմնադիր Զոհրապ Սահակյանը, համայնքի ակտիվ անդամ Վազգեն Բարեղամյանը։
Դահլիճում տիրում էր ազգային միասնության ոգին եւ անկախական տրամադրություն։