Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել Է, որ Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի "անեքսիան"
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի բացմանը, հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի "անեքսիան": Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
"Մենք կարեւոր ենք համարում պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի անեքսիան մենք չենք ճանաչում։ Պետք է ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցում", - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 17-19-ին Ղրիմում կայացած Պետդումայի ընտրություններն Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին:
Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը չի ընդունում Ղրիմի ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին Անկարայի հայտարարությունները եւ այդ մասին բացեիբաց խոսում է թուրք գործընկերներին: