Մինսկի և Երևանի միջև համագործակցությանը միշտ բնորոշ է եղել հարգանքը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը:
«Համոզված եմ, որ բարեկամության պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում, շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասվում է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
ՀՀ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Մինսկի և Երևանի միջև երկարատև արդյունավետ համագործակցությանը միշտ բնորոշ է եղել հարգանքն ու ձգտումը՝ խորացնելու ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները:
«Համոզված եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ հարստացնելով այն հաջող փոխգործակցության նոր օրինակներով, որոնք կծառայեն մեր ժողովուրդների շահերին»,- նշել է Լուկաշենկոն: