Սամվել Կարապետյանը մտադիր է 780 մլն դոլար ներդնել Հայաստանում և Արցախում
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայ-ռուսական 2021 գործարար համաժողովում» ելույթի ժամանակ խոստացել է 780 մլն ներդրում կատարել Հայաստանում և Արցախում, հաղորդում է "Ռուսարմինֆոն":
Նրա խոսքով, Հայաստանում ստեղծվել են գրավիչ ներդրումային պայմաններ, և դրանից պետք է օգտվեն ներդրողները, հատկապես Ռուսաստանից: «Ռուսաստանն ու Հայաստանը կապված են մշակութային, հոգեւոր, պատմական սերտ կապերով, որոնք նպաստում են հայկական տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը», — նշել է Կարապետյանը:
Այս համատեքստում Սամվել Կարապետյանը կարևորել է Հայաստանում պետական մակարդակով ռուսաց լեզվի ուսուցման ապահովումը:
«Տաշիրի» ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, նոր արտադրական հզորությունների ստեղծման համար ընկերությունը նախատեսում է ներդնել մինչեւ 600 մլն դոլար: Եվս 50 մլն դոլար նախատեսվում է ներդնել արտադրական հզորությունների, այդ ոլորտում նորարարական լուծումների զարգացման համար։
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 50 մլն դոլար, երիտասարդական ձեռներեցության զարգացման համար՝ 30 մլն դոլար։
Սամվել Կարապետյանը հատկապես կարևորել է Արցախում ներդրումների շարունակականությունը: «Հայաստանն անհնար է պատկերացնել առանց Արցախի։ Մեր խնդիրն է ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար։ Մենք միշտ առանձնահատուկ վերաբերմունք ենք ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այսպես կշարունակվի նաև ապագայում», - ասաց նա՝ հավելելով, որ Արցախի տնտեսության և բնակչության բարեկեցության զարգացման համար կծախսվի մոտ 50 մլն դոլար։