22.11.2024
ՌԴ փոխարտգործնախարարը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են մի շարք հայանպաստ օրինագծեր

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք կոնգրեսականներ օրերս հանդես են եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ, գրում է «Ամերիկայի ձայնը»::


Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին:


՛՛Այս փոփոխությունների կարևորությունը նրանում է, որ երկկուսակցական հիմքի վրա դեմոկրատներն ու հանրապետականները փոփոխություններ են առաջարկում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում՝ անդրադառնալով հայ ժողովրդի անվտանգության և մարդասիրական կարիքներին՛՛,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:


Ներկայացված փոփոխություններից կոնգրեսականներ Ջեքի Սփիեռի, Բրեդ Շերմանի, Ֆրենք Փալլոնի առաջ քաշած օրինագծերը միտված են արգելափակելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը:


՛՛Ներկայացված են ութ բարեփոխումներ կոնգրեսականների կողմից, որոնք առնչվում են Հայաստանին ու Արցախին: Դրանցից երեքը հստակ կոչ են անում ամերիկյան կառավարությանը՝ դադարեցնելու ամեն տեսակի ռազմական օժանդակությունը և ռազմամթերքի տրամադրումը Ադրբեջանին՛՛,- ասում է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:


Փոփոխությունների մասին մնացած օրինագծերը, կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Քարդենասի, Դեյվիդ Վալադաոյի և Դինա Թիթուսի հեղինակությամբ, պահանջում են անհապաղ ազատ արձագել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, դիտարկել Լեռնային Ղարաբաղում ամերիիկյան օգնության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ահաբեկչական կառույց որակել թուրքական «Գորշ գայլեր» խմբավորումը:


’’Վերջնական հաստատումից և օրենքի ուժ ստանալուց հետո այդ փոփոխությունները կդառնան վերահսկողության մեխանիզմ և կծառայեն վարչակազմի համար որպես ուղեցույց այս հարցերում: Ընդունման դեպքում վարչակազմը պետք է հետևի այս օրենքին՛՛,- նկատում է Արդունին:


Հաջորդ շաբաթ ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 20- ին Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը կքննարկի այս և բազմաթիվ այլ օրենսդրական առաջարկություններ՝ որոշելու համար, թե որ օրինագծերը կներկայացվեն Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին: Ըստ ընթացակարգի՝ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո քննարկման կդրվի ԱՄՆ-ի Սենատում:


՛՛Կարևոր է, որ այս բարեփոխումներն անցնեն Ներկայացուցիչների պալատում, քանի որ այսպիսով ազդանշան կուղարկվի ԱՄՆ Սենատին: Այսպիսով, սա առաջին քայլն է այս տարվա Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծի քննարկման հարցում, որը ի վերջո պետք է դրվի նախագահ Բայդենի սեղանին՝ այն ստորագրելու համար՛՛,- հայտնում է Չուլջյանը:


Ամերիկահայ կառույցները վստահ են՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության կրճատումը կնպաստի տարածշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Նրանք լավատես են այս օրենսդրական նախաձեռնությունների ընդունման հարցում և երախտագիտությունն են հայտնում դրանք ներկայացրած կոնգրեսականներին: