22.11.2024
Մհեր Գրիգորյանը հույս ունի, որ կհաջողվի պահել գազի գինը
prev Նախորդ նորություն

Նախագահը ՀՀ ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային ընկերությունների

Աշխատանքային այցով Ֆրանսիայում՝ Շամոնիում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ:


Հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսական ներուժը, զարգացման լուրջ կարողություններ ունեցող ոլորտներն ու փոխգործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:


Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին:


Խոսելով կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների ու մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանալ ճիշտ ելքեր գտնել առկա իրավիճակից, պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, և նախանշել է առավել հեռանկարային ու զարգացման լուրջ հնարավորություններ ապահովող ոլորտները։


Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է ապագայի՝ ուժեղ Հայաստանի իր տեսլականը, որին հասնելու համար պետք է օգտագործել հայ ազգի ամենամեծ առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, հօգուտ երկրի զարգացման ծառայեցնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը:


Որպես մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։


Նախագահը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:


Նախագահ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: