Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, կա վիրավոր, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ պետական սահմանապահ ծառայության (ՊՊԾ) համատեղ հաղորդագրությանը:
Տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 00:57-ին, ադրբեջանական սահմանապահ ջոկատը Ֆիզուլիի շրջանի Բեյուկ-Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ուղեկալի տարածքում հայտնաբերել է Իրանից պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Սահմանախախտները չեն ենթարկվել կանգնելու հրամանին եւ անտեսել են օդային նախազգուշական կրակոցները։ Արդյունքում իրավախախտներից մեկը վիրավորվել է, իսկ մյուս երկուսին հաջողվել է փախչել։
Հետաքննության ընթացքում ձերբակալվածը ներկայացել է Իրանի քաղաքացի Զամանի Միրաքեր Միրագա ՝ 1981 թվականին ծնված։ Նրա պայուսակի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 11 կգ 770 գրամ թմրանյութ։
Միջադեպի մասին տեղեկացվել է իրանական կողմը։