Ռուստամ Մուրադովն այցելել է Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին:
Ռուս խաղաղապահների «Տելեգրամ» ալիքից տեղեկանում ենք, որ Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։
«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը: Վերջինս բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է: