VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունը եկել է համաձայնության Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, եւ վերջինս կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտն` այն պայմանով, որ վարչական շրջանների ղեկավարները կփոփոխվեն` ՔՊ-ական հավատարիմներով: Հիշեցնենք, որ Էրեբունի վարչական շրջանի գործող ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` չնշելով պատճառների մասին: Սակայն, ՔՊ կուսակցության կուլիսներում ասում են, թե հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ վերջինս ընտրությունների ժամանակ որեւէ օգուտ չի տվել քաղաքական թիմին եւ իր գործառույթներում էլ թերացել է: ՔՊ-ականներին հատկապես վրդովեցրել է այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքն Էրեբունիում ամենամարդաշատն է եղել: Սա էլ դարձել է ճակատագրական Ա. Աբրահամյանի համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։ Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, իսկ ՀՀ-ից խորհրդարանական պատվիրակություն է մեկնել՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Երբ ուղղեցինք, որ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահի, նա փորձեց համոզել․ «Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։ Ոչ, Ռուբեն Ռուբինյանն է պատվիրակությունը ղեկավարել։ «Խորհրդարանական պատվիրակությունն արդեն իսկ բարձրագույն իշխանություն է»,- ասաց պատգամավորը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն երկրորդ փորձից: Սեպտեմբերի 6-ին նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ օգոստոսի 31-ին իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության քննարկումը տևեց մեկուկես ժամ։ Իշխանությունը ընդդիմադիր պատգամավորին շատ հարցեր ուներ՝ դեռ նրա վաղ անցյալի մասին։ Ըստ այդմ, պետք է տեղի ունենա նոր ընտրություն եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ եւս առաջադրվելու է Արթուր ղազինյանը: Բանն այն է, որ այս պաշտոնը հատկացված է հենց ընդդիմությանը ու թեկնածուն պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը: Սակայն թեկնածությունը կրկին կանգ է առել Ղազինյանի վրա, որն, ի դեպ, բանակում չի ծառայել: Հետաքրքիր է՝ ինչ ձեւ իրենց կդրսեւորեն այս անգամ իշխանական խմբակցության պատգամավորները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի կողմից, քաղաքական դաշտը կարծես թե գերհագեցած է՝ հարյուրից ավելի կուսակցություններ, 20-ից ավելի մասնակիցներ՝ խորհրդարանի ընտրություններին, հարյուրավոր քաղաքական գործիչներ և քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն ունեցողներ, մյուս կողմից՝ դատարկություն և այլընտրանքի բացակայություն։ Այնպիսի բացակայություն, որ 30 տարի անց նույն 4-5 անունն է շրջանառվում երկրում․ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների, նախկին վարչապետների մի փակ շրջան, որից մեր հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել։ Եվ անգամ նրանք, ովքեր դժգոհ են գործող իշխանություններից և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, միշտ չէ, որ կարողանում են իշխանության ժառանգորդի անուն տալ։ Իսկ հասարակությունը չի կարող անորոշության մեջ խարխափել, և ՔՊ-ին ձայն տված 53 տոկոսի մի պատկառելի մասն այն մարդիկ են, որոնք հենց իրավահաջորդի բացակայությունն են պատճառ բերում՝ բացատրելով իրենց ընտրությունը՝ ո՞ւմ ընտրենք, ո՞վ կարող է երկիրն այս վիճակից հանել։ Նրանց չի ոգևորում նախկին դեմքերին վերադառնալու գաղափարը, նրանք նոր անուն են պահանջում, նոր դեմք, որը վստահություն կներշնչի, կբավարարի իրենց պահանջները, կտարբերվի բոլոր նախկիններից, մի խոսքով՝ իդեալականին մոտ թեկնածու։ Մինչև այդ թեկնածուն չգտնվի, փողոցից հայտնված մարդուն ընտրած և իր իսկ ընտրությունից այսօր դժգոհ մարդը փակ աչքերով ու նույնքան անորոշ ընտրություն այլևս չի կատարի։ Նման դիպված, երբ ընդդիմության ներկայացուցիչը, որը համարձակ հայտ է ներկայացնում՝ ստանձնելու պետության ղեկավարումը, մեկ անգամ է լինում պատմության մեջ, և այդ շանսը բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մեր հասարակությունն ավելի խելացի և ավելի կանխատեսելի ընտրություն է ուզում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետերի նկատմամբ։ Թիրախում հաջորդը Գեղարքունիքի Գեղամասարի արդեն հայտնի դարձած համայնքապետ Հակոբ Ավետյանն է։ Իշխանությունը ծրագրում է արդեն խոշորացված Գեղամասար համայնքը կրկին խոշորացման ենթարկել եւ միավորել Վարդենիս քաղաքին, այն դեպքում, երբ Գեղամասարի կազմում 18 համայնք է ներառված։ Հակոբ Ավետյանը, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին, դաշինքի տարածքային գրասենյակն էր ղեկավարում։ Նրա պաշտոնավարման ավարտին մեկ տարի է մնացել, թե ինչու է իշխանությունը շտապում, Գեղամասարում մարդիկ տագնապալից քննարկումների մեջ են եւ հարցնում են՝ գուցե մեր մարզն է՞լ է Սյունիքի ճակատագրին արժանացել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տիեզերքում արհեստական արբանյակ ունեցող պետություններից մեկի ներկայացուցիչները կապվել են հայաստանյան ընդդիմության որոշ շրջանակների հետ եւ առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրության տակ եղած որոշ տեսագրություններ, որոնք առնչվում են Հայաստանին։ Դրանց մեջ է մասնավորապես 44-օրյա պատերազմի ողջ տեսագրությունը, որը դիտարկելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի մարտավարություն է իրականացրել Ադրբեջանն այդ 44 օրվա ընթացքում, եւ ինչպես է պարտվել Հայաստանը։ Մենք չկարողացանք պարզել, թե ինչ են պատասխանել նրանց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործով որեւէ քայլի չի գնում, քանի որ, բացի մատակարարողից՝ ի դեմս Դավիթ Գալստյանի, քրեական գործով անցնում են նաեւ ներկայիս ՊՆ պաշտոնատար անձինք՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբի Պետ Արտակ Դավթյանից, վերջացրած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով: Իրավապահ համակարգում խոսակցություններ կան, որ Դավիթ Գալստյանի մասով ԱԱԾ-ում 3 տարի է՝ քրեական գործ է քննվում, ու, ըստ էության, որեւէ քննչական գործողություն չի իրականացվում, ինչը խոսում է քաղաքական հրահանգի մասին: Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում ՊՆ-ին մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն եւ տարեթվերին համապատասխան զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո, սակայն, նա մոռացավ խոստացված ապացույցների մասին եւ, կարծես թե, չքացել է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին նշանակված Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները խոստանում են բավականին դրամատիկ լինել։ Ճիշտ է, իշխանություններին ընդդիմադիր Արա Զոհրաբյանն այս անգամ չի առաջադրվելու՝ օրենքը չի թույլատրում երրորդ անգամ առաջադրվել, սակայն պալատն իր թեկնածուն ունի՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան։ Իշխանությունը, բնականաբար, դեմ է Բաբայանին եւ այս պահի դրությամբ մտադիր է անցկացնել Գեւորգ Գյոզալյանին, հնարավոր է մինչ ընտրությունները այլ թեկնածու առաջադրեն, որն ավելի մեծ շանսեր կունենա։ Ամեն դեպքում, ամեն ինչ անելու են, որպեսզի Բաբայանը չանցնի։ Սակայն դա հեշտ չի լինելու, քանզի Հայաստանում 2 հազար 200 փաստաբան կա, եւ նրանք իրենց ժողովում են որոշում նախագահի հարցը։ Ընդ որում, սա հայաստանյան ամենակայացած համայնքներից է, եւ այն «նվաճելը» հեշտ չէ։ Բոլոր դեպքերում, մեր տեղեկություններով, Փաստաբանների պալատին մեսիջներ են ուղղվում իշխանական կաբինետներից։ Ուղիղ տեքստով սպառնում են՝ եթե թույլ չտան, որ իրենց ուզած մարդն ընտրվի, պալատը կպառակտեն՝ մի քանի պալատներ կստեղծեն, որոնք կվերացնեն այս համայնքի միասնականությունը եւ հնարավորություն կտան հնազանդեցնել փաստաբաններին։ Երկրորդ սպառնալիքն ուղղվում է Փաստաբանների դպրոցին․ սպառնում են դպրոցը հանել պալատի տնօրինությունից եւ միացնել Արդարադատության ակադեմիայի հետ, եւ այդ դեպքում փաստաբաններին լիցենզիա տալու հնարավորությունը կանցնի պետությանը։ Փաստաբաններն առայժմ դիմադրում են։ Արդյունքը կերեւա սեպտեմբերի 12-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի շատ գովազդ է անում, քան իրականում աշխատում: Օրինակ՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առարկա է դարձել նաեւ 2020թ.-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական եւ այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։ Ընդ որում, սա այդ պաշտոնյաների 2-րդ հանդիպումն է պատերազմից հետո: Ստացվում է՝ 44-օրյա պատերազմից ինը ամիս անց գլխավոր դատախազը դեռ միայն քննարկում է գերիների հարցը, այլ ոչ թե կոնկրետ գործ անում: Եվ այսպիսի իրավիճակ է՝ ոչ միայն գերիների վերադարձի հարցի հետ կապված: Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարիների ընթացքում, Արթուր Դավթյանն ավելի շատ հայտարարություններ է արել, քան թե իրականում գործել: Խոսում էր Մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին, բայց մինչեւ հիմա չեն պարզվել, թե ովքեր են սպանել 10-ը անմեղ զոհերին Երեւանի կենտրոնում, հետախուզման մեջ են գտնվում բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք այս ընթացքում ակտիվ հարցազրույցներ են տալիս, ազատ շրջում են այլ երկրներում, բայց նրանց այդպես էլ չեն կարողանում գտնել եւ արտահանձնել Հայաստան: Դատախազը խոսում է ապօրինությունների, կոռուպցիայի բացահայտման մասին, բայց ոչ մի կոռումպացված նախկին չինովնիկ ճաղերի հետեւում չէ: Ստացվում է՝ դատախազը միայն հայտարարություններ անելուց է ակտիվ, իսկ աշխատանքի արդյունավետությունը զրոյական է»: