ԱԺ նախագահը Կոնջորյանին, Օհանյանին և Վանեցյանին հրավիրել է Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային այցով Երևանում է, հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:
Ինչպես հայտնում է Արցախի ԱԺ լրատվական ծառայությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: 3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։