24.11.2024
Կառավարությունը 570 մլն դրամ է փոխանցել ԱԱԾ-ին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նախատեսում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ

Առողջապահության ոլորտի զարգացումը Հայաստանի կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, որը նշված է գործադիրի օգոստոսի 17-ին ներկայացրած ծրագրում: Ըստ այդմ կառավարությունը նպատակ ունի ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ:


Համաձայն ծրագրի, քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար կառավարությունը նախատեսում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը:


Գործադիրի ծրագրում նշված չէ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ժամկետները: Չի խոսվում նաև այն մասին, արդյոք նոր համակարգի ներդրումը նախատեսում է լրացուցիչ ֆինասական բեռ քաղաքացիների վրա հարկերի տեսքով: Նշենք, որ Առողջապահության նախարարությունը 2019 թ. ներկայացրեց առողջության ապահովագրության նոր համակարգի ներդրման նախագիծ, որն արժանացավ սուր քննադատության հանրության շրջանում առողջության 6 տոկոսանոց հարկ սահմանելու պատճառով:


Այդ առաջարկը միաշանակ չընդունվեց նաև կառավարությունում: Նոր հարկատեսակ սահմանելուն դեմ էր մասնավորապես ֆինանսաների նախարարությունը:


Նոր ծրագրով կառավարությունն առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ոչ ժամկետների, ոչ էլ դրա հետ կապված ծախսերի մասին է խոսում՝ նշելով, որ ապահովագրության համակարգը ներառելու է արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթը:


«Համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շնորհիվ կընդգրկվեն նաև պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդրվելու են բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմներ, որոնց շնորհիվ կբարելավվեն նաև առողջապահական ցուցանիշները: Կառավարությունը նպատակադրվել է մասնավոր ծախսերի տեսակարար կշիռը ընդհանուր առողջապահական ծախսերում նվազեցնել 40%-ով», - ասված է ծրագրում: