Ոստիկանությունը փակ տարածությունում դիմակ չկրելու դեպքում վարչական տույժ կկիրառի
Տեսչական մարմինները և ոստիկանությունը հայտարարություն են տարածել՝ հանրությանը զգուշացնելով փակ տարածքներում կրել դիմակներ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:
Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:
VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է: