Ուրուգվայը դեսպանատուն է բացում Հայաստանում
Ուրուգվայը և Հայաստանը շատ ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն։ Ուրուգվայը կարողացել է հյուրընկալություն ցուցաբերել այլ երկրներից ժամանած բոլոր աշխատասեր ու տաղանդավոր մարդկանց։
Այս մասին օգոստոսի 16-ին հայտարարել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժիոն՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ հայ համայնքը հարստացրել է Ուրուգվայը՝ ինտեգրվելով եւ շատ լավ հաստատվելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, սպորտը, մշակույթը, քաղաքականությունը, բիզնեսը:
«Մենք կարևորում ենք Ուրուգվայի Հանրապետության համալսարանի և Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի միջև հայտարարության և համաձայնագրի ստորագրումը, որը կօգնի համագործակցել դասախոսների և ուսանողների փոխանակման, ինչպես նաև Ուրուգվայի համալսարանում հայոց լեզվի ուսուցման գործում», - ասել է Նա:
Ուրուգվայի անունից՝ որպես ՄԱԿ-ի անդամ, տարածաշրջանի համար այս ծանր պահին, երբ վտանգված է խաղաղությունը և անվտանգությունը տարբեր հակամարտությունների արդյունքում, նա իր մտահոգությունն է հայտնել և հայտարարել, որ հակամարտությունները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման, միջազգային իրավունքի հիման վրա բանակցությունների միջոցով:
«Գնահատելով 30 տարվա հարաբերությունները՝ Ուրուգվայը դեսպանատուն է բացում Հայաստանում։ Անկասկած, մեր ճանապարհը համատեղ է լինելու՝ համատեղ ապագայի ակնկալիքով», - ասել է նա ։