24.11.2024
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Աֆղանստանում
prev Նախորդ նորություն

Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը յիմնել են «Ապրելու երկիր» կուսակցություն

Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության անդրանիկ համաժողովը։ Քաղաքական այս ուժը հիմնադրել են Արցախի սոցիալական ապահովության ներկայիս նախարար Մանե Թանդիլյանն ու Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։


«Ապրելու երկիր պետք է դառնա յուրաքանչյուրիս միջավայրը՝ մեր տունը, բակը, աշխատավայրը, գյուղն ու քաղաքը։ Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու համար մենք ունենք ցանկություն, նվիրում և հնարավորություն։ Մենք հավատում ենք, որ ունենալու ենք հզոր պետություն, կայուն անվտանգություն, բարեկեցիկ և ստեղծագործ հասարակություն։ Մենք հավատում ենք, որ հայ լինելը և Հայաստանում ապրելը ոչ թե շարունակելու է լինել ճակատագրի կամ բնության որոշում, այլ հենց մարդու անբեկանելի կամք։ Հենց հայ լինելու և Հայաստանում ապրելու հաստատակամությունն է մեզ տալիս պատասխանատվություն՝ միավորելու հազարավոր մեր հայրենակիցների ջանքերը՝ կերտելու երազանքներն ու նպատակները»,- իր խոսքում ասել է Մանե Թանդիլյանը։


Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում ադրադարձել է կուսակցության հռչակագրում ամրագրված դրույթներին. «Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է հանձնառություն ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում»։


Անդրադառնալով ուժերի համախմբման անհրաժեշտությանը՝ Մանե Թանդիլյանը մասնավորապես կարևորեց «Ապագա հայկականը» նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքները և վերջինիս հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։


«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել «Ապագա հայկականը» նախաձեռնության հետ՝ համադրելով մեր հռչակած նպատակները և ձգտելով ավելի մեծ համախմբման։ Շնորհակալ ենք «Ապագա հայկականը» նախաձեռնողներից որակապես այլ միջավայրի ձևավորման համար, որն առկա վստահության խորը ճգնաժամի պայմաններում ստեղծում է անտարբերությունը կոտրելու հնարավորություններ»,- նշեց Թանդիլյանը։