Բայդենը շնորհավորել է Փաշինյանին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:
Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:
Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:
ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը: