Մոսկվայում բարդ բանակցություններ են սպասվում. հայհոյանքը քրեականացնելու ժամանակ դեռ կգտնվի
Այս արտահերթի «էքշն»-ը Քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացում: Հասկանում եմ, թե ինչի համար է դա արվում՝ նոր խորհրդարանում հայհոյանքի պակաս չի լինելու: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Մինչդեռ, նշեց նա, առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ և ճիշտ է այս արտահերթ նիստից հետո հրավիրել ԱԺ ևս մեկ նիստ, հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, որպեսզի քննարկվի ստեղծված իրավիճակը։
«Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ ու հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր: Հիմա, իսկապես, միասնական լուծումների ու թուրք-ադրբեջանական տանդեմին հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կգտնվի», - շեշտեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր ու բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Սա քննարկելու ժամանակն է, ըստ պատգամավորի: