Տվյալ հայտարարությունը տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով. Այս մասին «Ազատություն» ռադիոկյանի հետ զրույցում հայտարարել է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հարավում գործ ունենք «սահմանային միջադեպի» հետ, որը չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:
"Նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել: Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա:
Այսինքն ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին:
Իհարկե, մենք հասկանում ենք և գաղտնիք չէ, որ սա ըստ էության առաջին այսպիսի դեպքն է ՀԱՊԿ-ի համար, այսինքն առաջին դեպքն է, երբ որ ՀԱՊԿ անդամն այս հոդվածի հիման վրա դիմել է և ինչ-որ առումով ավանդույթ էլ չկա, և ինչ-որ առումով սա ՀԱՊԿ-ի համար նաև ստուգատես է, բայց կա մի փաստ, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ: Այսինքն ՀԱՊԿ անդամ երկրները որպես մեկ կազմակերպության անդամ փոխկապակցված են պարտավորություններով, և կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի: Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ",- ասել է Ռուբինյանը:
Նա նաև ասել է, որ դիրքորոշումը ներկայացրել է, իսկ մնացածն արդեն համապատասխան գերատեսչությունները աշխատանքային կարգով կիրագործեն այն, ինչ պետք է իրագործվի: