Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման կապակցությամբ.
«Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։
Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։
Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։
Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այս րոպեներին ՀՀ գլխավոր դատախազության մոտ ընթանում է բողոքի ակցիա՝ Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նախօրեին դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց ՀՔԾ-ի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանավորվել է մեկ ամսով։