ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրող և արտահանող «Արմենալ» ընկերության նկատմամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) այսօր հրապարակված հայտարարության մեջ կտրուկ բողոք է հայտնել այդ հակաարդյունավետ առաջարկի կապակցությամբ:
ANCA-ում հայտարարել են, որ աջակցում են հավասարակշռված «կասեցման մասին համաձայնագրին», որը կհաստատի կառավարվող երկկողմ առեւտրային ռեժիմ՝ չլուծված հարցերի փոխշահավետ լուծման համար: Դա թույլ կտա պաշտպանել ԱՄՆ ներքին շահերը՝ խուսափելով Հայաստանի տնտեսության վրա կործանարար ազդեցությունից։
«Արմենալ»-ը խոշոր հարկատու է, որն ապահովում է զգալի վճարումներ Հայաստանի բյուջե, որտեղ աշխատում են ավելի քան 700 որակյալ աշխատողներ եւ հանդիսանում է եկամտի աղբյուր Հայաստանի հազարավոր ընտանիքների համար: «Արմենալի» արտադրության ալյումինե փայլաթիթեղի արտահանումը վերջին տարիներին հասնում է ԱՄՆ Հայաստանի ընդհանուր արտահանման 75%-ի, սակայն կազմում է ԱՄՆ-ի ընդհանուր ներմուծման ընդամենը մի փոքր մասն ու ԱՄՆ-ի ընդհանուր շուկայի ավելի փոքր մասը», - ասվում է հայտարարության մեջ:
ANCA-ում ընդգծել են, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունը նախատեսում է այդ պատժամիջոցները Հայաստանում շարունակվող Covid-19 համաճարակի, տնտեսական ճգնաժամի եւ անցյալ տարվա աշնանն էթնիկ զտումների ենթարկված արցախցի փախստականների ժամանման պատճառով ճգնաժամի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ Բաքվի շարունակվող ագրեսիայի ֆոնին:
«Այժմ, ավելի քան երբեւէ, Բայդենի վարչակազմն անհրաժեշտ է ակտիվորեն պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու Արցախի անվտանգությունը՝ խաղաղ ճանապարհով լուծել առեւտրային հարցերը եւ ակտիվորեն ամրապնդել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերը՝ իհարկե չպատժելով հայ աշխատողներին պատժիչ առեւտրական միջոցներով», - հայտարարել է ANCA-ի նախագահ Արամ Համփարյանը:
Նրա խոսքով, լավագույն տարբերակը կլինի «կասեցման մասին համաձայնագիրը», քանի որ դա թույլ կտա շահագրգիռ կողմերին մտածել խնդրի լուծման փոխշահավետ հնարավորությունների մասին:
«Արմենալ» ՓԲԸ-ն Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողն է, աշխարհում ամենաժամանակակից և էկոլոգիապես կատարյալ փայլաթիթեղագլանման գործարաններից մեկը: Ստեղծվել է UC Rusal 2000 թվականի մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, 2003 թվականից ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերությանը:
Մոտ երեք տարի առաջ՝ 2018 թվականի ապրիլին, ԱՄՆ-ը Չինաստանի սահմաններից դուրս խոշորագույն UC Rusal ալյումինե ընկերությունը եւ դրա սեփականատեր Օլեգ Դերիպասկային ընդգրկեց SDN պատժամիջոցների ցուցակում: Ամերիկյան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվել է այդ ցուցակի ֆիգուրանտների հետ ցանկացած գործարք։
Ինտերֆաքսի եւ ՌԲԿ-ի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին արտադրանքի պահանջարկի անկման պատճառով «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը կրճատել է հզորությունները եւ աշխատակիցներին տեղափոխել մասնակի զբաղվածության: