«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ «շատ է ուզում առողջ և բովանդակային քարոզարշավ վարել, բայց Նիկոլը կոչվող արարածն ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել առճակատման մեջ և, ըստ էության, քարոզարշավ է տանում առճակատման հունով»:
«Եթե նա (Նիկոլ Փաշինյան. խմբ.), նույնիսկ իր հոգեբանական անլիարժեքության պատճառով, չի հասկանում դա, ապա իր շրջապատը պետք է գիտակցի այն ամենի ողջ վտանգը, ինչ անում է՝ իրենց իսկ ապագայի համար։ Չէ որ եթե նա կարող է իրեն թույլ տալ խոսել վենդետաների և այլ ագրեսիվության մասին, ապա չպետք է մոռանա այն մասին, թե ինչ զգացողություններով են արդեն ամիսներ շարունակ ապրում այն տղաների Շատ ծնողներ, ովքեր անմեղ զոհվեցին պատերազմում ։
Հիշեք, հասկացեք վերջապես, չկա արդեն այն Հայաստանը, որը եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Կա 2021 թվականի Հայաստան, որտեղ նիկոլիզմը քաղաքական տհաճության առարկա է և որի դեմ պայքարում են հասարակական լուրջ տրամադրությունները և քաղաքական ուժերը։ Այս գործընթացը չի ավարտվի, քանի դեռ նիկոլիզմը՝ որպես ապազգային, հակապետական և անբարոյական երևույթ, վերջնականապես դուրս չի մղվի երկրի քաղաքական պատմությունից։
Հավատացեք, մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր հասարակության հետ քննարկել անվտանգության, երկրի հեղինակության վերականգնման, տնտեսական իրավիճակի բարելավման և արտագաղթի դադարեցման, Սփյուռքի հետ նոր օրակարգի ձևավորման հարցերը։ Մեզ համար դա շատ դժվար է անել մի իրավիճակում, երբ քո ընդդիմախոսները հոգեբանորեն անհավասարակշիռ են, երբ մեր կողմնակիցներին ամենուրեք վախեցնում ու շանտաժի են ենթարկում, երբ ամեն օր թշնամին գերության մեջ է վերցնում մեր քաղաքացիներին։
Մենք գնում ենք մինչև վերջ, մինչև հաղթանակ։ Մեր վճռականությունից է կախված մեր երկրի ճակատագիրը, մեր պետության կարգավիճակն ու տեղը տարածաշրջանում, մեր վճռականությունից է կախված, թե որքան հայ կմնա հենց Հայաստանում հունիսի 20-ից հետո։
Մենք վճռական ենք գնում դեպի ուժեղ Հայաստան»- գրել է Գեւորգյանն իր Telegram-ալիքում։