ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանին.
"Անցյալ տարի Ադրբեջանն արյունալի պատերազմ սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ: Պատերազմն ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով: Այդ խախտումները պատշաճ կերպով փաստագրված են ո՛չ միայն հայկական, այլև՝ միջազգային աղբյուրներում, այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Freedom House-ը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկատվություն, ինչը, սակայն, չի ստացել: Դատարանն անգամ հրապարակային ծանուցմամբ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի համագործակցում: Իր խորը մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը՝ վերջին լիագումար նստաշրջանի ընթացքում: Հրաժարվելով վերադարձնել դեռևս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ:
Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում: Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին և այլ իրավասու մարմիններին: Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին Նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել:
Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավել սահմանամերձ տարածքներ և տեղի բնակչությանը զրկել իր ապրուստի միջոցներից:
Պարոն նախագահ,
Եվրոպայի խորհուրդը հիմնվել է՝ իր անդամ պետությունների միջև ավելի մեծ միասնություն հաստատելու նպատակով: Այս առումով, Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ողջ Եվրոպան և մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջև համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ: Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջև կա խորը անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես` նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում":