24.11.2024
Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները. նախագահ
prev Նախորդ նորություն

Հաղթանակի և հիշատակի ծառը համալրեց արահետը

Մայիսի 8-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ հիշատակաց» ծառատունկ - ցերեկույթը: Այն թվով 5-րդն էր` արահետի հիմնադրման օրից:

Չնայաց պատմական ներկայի բարդ իրականությանը, ցերեկույթի նախաձեռնողները, այնուամենայնիվ, նվիրել էին այն տարիներ շարունակ նշվող մայիսյան Եռատոնին: Ուստի, պատվավոր հյուրերն էին` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, վետերան, կապավոր Ռոզալիա Աբգարյանը /ծնվ.1923թ./, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, կարմիրնավատորմային, Նովոռոսիյսկի, Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման մասնակից Ներսես Սիմոնյանը /ծնվ.1923թ/, Արցախյան պատերազմի /1992-94թթ/օպերատոր-վավերագրող Շավարշ Վարդանյանը:

Ներկայացնելով իրենց անցած մարտական ուղին, Ներսես Սիմոնյանն ու Ռոզալիա Աբգարյանը մաղթեցին երիտասարդ սերնդին դառնալ Հայրենիքի արժանավոր զավակներ և ապրել խաղաղ երկնքի տակ: «Ծառը` երկարակեցության սիմվոլն է: Տնկելով խորհրդանշական «Ծառ հիշատակացը»` մենք փոխանցում ենք գալիք սերունդներին ոչ միայն կանաչ գոտիներ, այլև մեր ժողովրդի պատմությունը», - իր խոսքում ընդգծեց Ռոզալիա Աբգարյանը: Վավրեագիր-օպերատոր Շավարշ Վարդանյանի խոսքով ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ մեր ժողովրդի հաղթանակները: «Մեր` վավերագիր-օպերատորների պարտնքն է ներկայացնել երիտասարդ սերնդին իրականությունը, որպեսզի նրանք իմանան ինչպես պարտությունների, այնպես էլ հաղթանակների մասին: Իսկ նոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց են», - հաստատակամ վստահաեցրեց Արցախյան պատերազմը վավեագրողը:

Ամփոփելով ցերեկույթը, նախաձեռնության կազմակերպիչ Սամվել Բաղդասարյանն իր խոսքում ընդգծեց յուրաքանչյուրիս պարտավորությունը նվիրյալ հոգիների և գալիք սերունդների առջև` հայի շարունակական ընթացքը ապահովելու համար:

Երևանի բուսաբանության ինստիտուտի, հանձինս տնօրեն` Անահիտ Ղուկասյանի կողմից պատվավոր հյուրերին հանձնվեցին Երևանի Բուսաբանության այգու մուտքի նվեր-քարտեր:

Գեղեցիկ երաժշտական կատարումներով`ռազմահայրենասիրական երգերվ ցերեկույթին մասնակցեցին` երգիչ Ռուբեն Եղոյանը և բարդ Ռուբեն Քամալյանը:

Համընդհանուր ուժերով «Անկախության արահետ»-ը համալրվեց ևս մեկ ծառով` «Ծառ հիշատակաց» խորհրդանշական անվանմամբ: Շաբաթօրյակի շրջանակներում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Ավան համայնքի թիվ 104 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը:

Հ.Գ. Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» հիմնվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: Նույն օրը տնկվել է 30 ծառ-տնկի: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: