24.11.2024
Արցախի նախագահն ընդունել է «Իքս Գրուպ»-ի ղեկավարին և քննարկել ներդրումային հարցեր
prev Նախորդ նորություն

Արգենտինացի գործիչները կոչ են արել Ադրբեջանին արագացնել ռազմագերիների վերադարձը Հայաստան

Արգենտինացի քաղական գործիչներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, լրագրողներ, մշակութային գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայտարարությունում, որը ստորագրել են 100-ից ավել անհատ և կազմակերպություն, ասվում է.

«Ներքոստորագրյալ կազմակերպություններս, կառույցներս և անձինքս արտահայտում ենք մեր համերաշխությունն Արգենտինայի հայ համայնքի պայքարի և պահանջի հանդեպ՝ հօգուտ ցայսօր Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը և վերադարձին։

Ադրբեջանական իշխանությունների վարքագիծը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը սահմանում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մարմինների փոխանակման» մասին և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում։

Հայաստանի և Արցախի կառավարությունները, Ռուսաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հինգ մայրցամաքների տասնյակ երկրների պետական գործիչներ և պատգամավորներ արտահայտել են իրենց կարծիքը Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատման և վերադարձի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ պարտավորությունը ոչ միայն հրադադարի անքակտելի մաս է, այլ նաև անհրաժեշտ միջոց է լարման նվազեցման համար՝ պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելու նպատակով»:

Այն ստորագրել են՝ Մարդու իրավունքների արգենտինական լիգան, «Համայնքներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Շարժում հանուն Ժողովուրդների միջև խաղաղության, ինքնիշխանության և համերաշխության, Կոմունիստական կուսակցությունը, Երիտասարդական կոմունիստական ֆեդերացիան, Արգենտինայի հրեական մշակութային մարմինների ֆեդերացիան, Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներգաղթյալների մշակութային մարմինների ֆեդերացիան և այլն: