ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լավ առիթ է՝ բացահայտելու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի նոր մանրամասները։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խնդրանքով մեկնաբանելով Սարգսյանի՝ գործող իշխանություններին ուղղված մեղադրանքները։
Փաշինյանը նշել է, որ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով Արցախի կարգավիճակի հստակեցման մասին, կիրառել է «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը» ձևակերպումը: Նշելով, որ բանակցություններում երբեք չի հստակեցվել անգամ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարածքը եւ այդ տարածքը, տեսականորեն կարող էր ընդգրկել նաեւ Ադրբեջանը, Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցության վերաբերյալ որոշակի մտավախություններ ունեցել է նաեւ ինքը՝ Սարգսյանը:
«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք հրապարակել բանակցությունների գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի նամակը համանախագահներին, որտեղ նա մտահոգություն է հայտնում այն հարցի կապակցությամբ, թե որքան ադրբեջանցի կհամարվի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը», - նշել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Բնակչություն համարվելու համար ադրբեջանցիները պետք է բնակվեին այնտեղ: «Հիմա ես նույնիսկ ադրբեջանցի բնակչության թվաքանակի մասին հարց չեմ բարձրացնում, այլ միայն հարց եմ տալիս՝ Լեռնային Ղարաբաղի որ մասում պետք է ապրեին։ Որովհետեւ եթե նրանք Արցախի բնակչությունն են, ապա պետք է այնտեղ ապրեն», - ասել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռելու համար բացահայտել այդ մանրամասները, բանակցային գործընթացի վերաբերյալ: «Երբ ամիսներ առաջ ես խոսում էի Շուշիի մասին, նա հայտարարում էր և հիմա էլ պնդում է, որ նման հարց չի եղել (ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու հարցը)։ Բայց հարց է առաջանում՝ որտեղ պետք է ապրեին այդ ադրբեջանցիները։ Հուսով եմ, որ պատասխանն ակնհայտ է բոլորին», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությունն ու բովանդակությունը փոխվել են ոչ թե նրա իշխանության գալով, ինչպես պնդում է Սարգսյանը, այլ 2015թ.աշնանից մինչև 2016թ. ձմեռ ընկած ժամանակահատվածում, որին հաջորդեց ապրիլյան պատերազմը: «Բանակցությունների բովանդակությունը փոխվել է հենց այն ժամանակ, եւ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հաստատում են դա, կան բանակցությունների արձանագրություններ, որոնց ես ծանոթացել եմ 2018 թվականին», - հայտարարել է նա:
Փաշինյանը հավելել է, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նախորդ իշխանությունը փորձել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն ինքը 2017-ի իր հարցազրույցում հայտարարել է, որ ապրիլյան պատերազմը նշանակում էր, որ Բաքուն հրաժարվում է Մադրիդյան սկզբունքների շրջանակներում հակամարտության կարգավորումից: «Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին միջանկյալ կարգավիճակ եւ հանրաքվե, այդ սկզբունքներից հրաժարվելը նշանակում էր միջանկյալ կարգավիճակից եւ հանրաքվեից հրաժարում», - համոզված է Փաշինյանը:
Նա հարց է ուղղել, թե կարող է արդյոք պարզվի, որ 2015-2016 թվականներին միջնորդները սկսել են աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ Մադրիդյան սկզբունքները եղել են միայն ցուցանակ, որի հետևում տեղի են ունեցել բոլորովին այլ գործընթացներ։
Նա խոստովանել է, որ «5+2» սկզբունքի իրագործման հնարավորություն երբեք չի եղել։ «2012-ի իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է արդեն 7 շրջանների մասին։ Յոթ շրջաններում, յոթ: Բայց ադրբեջանական կողմը մերժել է այդ առաջարկը», - ասել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ, ըստ էության, «5+2» սկզբունքով նշված երկու շրջանները «դիվանագիտական պաշար» են՝ պայմանավորվածությունների իրականացման որոշակի փուլում օգտագործելու համար։