ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կբարդացնի ՆԱՏՕ-ում հարաբերությունները. Պաբրիկս
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը կբարդացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի ներսում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։
«Հայոց ցեղասպանության վաղեմի հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը միայն կբարդացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկու երկրների միջեւ, հենց այն ժամանակ, երբ այն առավել անհրաժեշտ է։ Կարող եմ նմանատիպ հուշումներ տալ լատվիացի այն խորհրդարանականներին, ովքեր ցանկանում են ինդուլգենցիա գնել՝ զոհաբերելով ազգային շահերը», - գրել է Պաբրիքսը ։
VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ավանդական ելույթում, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը:
«Ամեն տարի այդ օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը», - նշել է Բայդենն իր հայտարարության մեջ: