ՌԴ-ի և Ադրբեջանի ուժայինները սերտ երկխոսություն են վարում «Իսկանդերների» թեմայով. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին Բաքվի տեղեկատվության հետ կապված թեման քննարկվում է Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև սերտ երկխոսության շրջանակում:
Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է իրականացվում, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հեռախոսազրույցում արծարծվել է «Իսկանդերների» բեկորների հայտնաբերման թեման:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է 2020թ. աշնանը ղարաբաղյան հակամարտության ժամանակ «Իսկանդեր-Մ» համալիրի ռուսական հրթիռների կիրառման մասին ադրբեջանցի զինվորականներից ստացված տեղեկատվությունը:
«Ես այդ հարցը տվել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա պատասխանը»,-ասել է Ալիեւը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Նա հավելել է, որ Բաքուն նաև պաշտոնական հարցում է ուղարկել Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն՝ պահանջելով բացատրել Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառումը՝ կցված Ֆոտո և տեսապատկերներով:
«Ինը օր է անցել, իսկ մենք այդպես էլ պատասխան չենք ստացել», - բողոքել է Ալիևը։ Նա նշել է, որ մինչ այդ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել էր Ղարաբաղում այդ հրթիռների օգտագործումը Երեւանի կողմից եւ պնդել, որ դրանք մնացել են պահեստներում: Սակայն այս տարվա գարնանը բեկորները հայտնաբերվել էին Շուշիի մերձակայքում, որը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Շուշիում ձյուն է տեղացել։ Երբ նա հալվեց, մենք էլ գտանք նրանց (հրթիռի բեկորները)», - ասել է Ալիևը, որը նախօրեին բողոքել էր 2020-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր-Մ»-ի օգտագործման պատճառների մասին հարցումներին պատասխանելու բացակայությունից: