Ուժայինները Ղրիմում ձերբակալել են ահաբեկչություն ծրագրած իսլամիստների
Ղրիմում ռուս ուժայինները ձերբակալել են երկու իսլամիստների, որոնք ծրագրում էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի կրթական հաստատություններից մեկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ ահաբեկչությունը նախապատրաստել են 1992 եւ 1999 թվականներին ծնված ռուսաստանցիները: Նշվում է, որ նրանք Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր աշ Շամ» կազմակերպության կողմնակիցներն են եղել։
Օպերատիվ տվյալների համաձայն՝ չարագործները ցանկացել են հարձակման համար ինքնաշեն ռումբեր օգտագործել։ Հետագայում ծայրահեղականները պատրաստվում էին Ուկրաինայի եւ Թուրքիայի տարածքով մեկնել Սիրիա։
Տանը ձերբակալվածներից առգրավվել են պայթուցիկ նյութեր: Ուժայինները նաեւ հասանելիություն են ստացել նամակագրությանը եւ ձայնային հաղորդագրություններին, որոնցում զինյալները քննարկել են ահաբեկիչների էմիսարների հետ կապված ծրագրերը:
Հետաքննության շահերից ելնելով ձերբակալվածների ինքնությունը չի հրապարակվում։ Քրեական գործն առայժմ հարուցվել է ռումբերի պատրաստման, ահաբեկչության քարոզչությանն ու աջակցությանը վերաբերող հոդվածներով
«Հայաթ Թահրիր աշ Շամը» հիմնական արմատական իսլամիստական խմբավորումներից է, որոնք ներգրավված են Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեջ։ Ստեղծվել է 2017 թվականին «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» («Ջեբհաթ ան-Նուսրա») բազայում, որը նույնպես արգելված է Ռուսաստանում: